01 06 2020

Լուսանկար, որը փաստում է` ՔՊ վարչության ընտրությունները կեղծվել են․ 168․am

Լուսանկար, որը փաստում է` ՔՊ վարչության ընտրությունները կեղծվել են․ 168․am

168.am-ը գրում է․  «Տասնամյակներ շարունակ կեղծված ու արդեն 2 տարի, համենայն դեպս, երկու մասշտաբային (համապետական խորհրդարանական և Երևանի ավագանու) կատարյալ մաքուր անցկացրած ընտրությունների մասին անվերջ թմբկահարող նախկին ընդդիմադիր, այսօր արդեն՝ իշխանություն դարձած քաղաքական գործիչները, պարզվում է, ընտրություններ կեղծելու բոլորովին էլ վատ փորձ չունեն: Իսկ ըստ օդում կախված ու մեզ հասած լուրերի, որոնց իսկությունը հենց իրենք` ներկայիս իշխանականներն էլ ակամայից ապացուցում են, նշված փորձը «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊԿ) իշխող կուսակցության վերնախավը ձեռք է բերել դեռևս ոչ այնքան հեռավոր 2016թ., երբ տեղի էին ունենում ՔՊԿ վարչության ընտրությունները:

Բայց գանք հերթով ու ամենասկզբից:

2016թ. հոկտեմբերին տեղի ունեցան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ներկուսակցական ընտրությունները, որին, ինչպես հայտնի է, նախորդել էր Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունների ձախողված մասնակցությունը, ինչն առաջին վարչության հրաժարականի պատճառն էր դարձել:

Նոր վարչության ձևավորումը, սակայն, հարթ չէր ընթացել, և չնայած ներկուսակցական թեժ պաքարին՝ վարչության հիմնական կազմը վերընտրվել էր: Վարչության նախագահի թեկնածուներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի միջև ընտրությունը կայացվել էր՝ հօգուտ Միքայելյանի:

Դեռևս այն ժամանակ, երբ ամփոփվեցին ներկուսակցական ընտրությունների արդյունքները, ՔՊ-ից շատերն էին պնդում, որ արդյունքները կեղծվել են, և դա պայմանավորում էին Սասուն Միքայելյանի կողմից արհեստական պատվիրակների մասնակցությամբ:

Այժմ, երբ լրացել է ՔՊԿ-ի ձևավորման 5 տարին, 168.am-ի ձեռքի տակ է հայտնվել մի լուսանկար, որը փաստում է վարչության ընտրությունների կեղծված լինելու հանգամանքը:

Լուսանկարում երևում է գործող, համապատասխանաբար՝ ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարներ Արայիկ Հարությունյանի և Սուրեն Պապիկյանի երկխոսությունը, որտեղ նախարարներն արտահայտում են իրենց դիրքորոշումը Սասուն Միքայելյանի նկատմամբ և նշում, որ չեն բարձրաձայնել ընտրությունների կեղծված լինելու հանգամանքի մասին, այ այստեղ շատ ուշադիր, ներթիմային շահերից ելնելով:

Լուսանկարը, ըստ երևույթին, արվել է այն ժամանակահատվածում, երբ Փաշինյանը Գյումրիից քայլերթով գալիս էր Երևան:

Ինչպես հիշում ենք, այդ ընթացքում Սասուն Միքայելյանը ձեռնպահ էր մնում հեղափոխական գործընթացներին մասնակցությունից, ինչը, ըստ երևույթին, առաջացրել էր թիմակիցների զայրույթը, և հենց այդ ժամանակ էլ, թերևս, ներթիմային կոմպրոմատների հավաքագրման տրամաբանության շրջանակներում էլ համակարգչի էկրանից արվել է տվյալ լուսանկարը: Հավանաբար լուսանկարողը մտածել է, որ, եթե պարզապես սքրին շոթ արվի, չեն հավատա, և հանգիստ կարող են մեղադրել, այսպես ասած, սքրին շոթը սարքելու մեջ:

Ստորև տեղադրում ենք այդ երկխոսության լուսանկարն ու հայցում մեր ընթերցողների ներողամտությունը, քանի որ այն նաև հայհոյանքներ է պարունակում:

Հիշեցնենք, որ ՔՊԿ-ում վարչության ընտրություններն իրականացվում են տարածքային կառույցների պատվիրակների միջոցով, որոնց մարզային համամասնությունը կանխորոշում է ընտրությունների արդյունքները:

2016թ. ընտրություններից հետո ՔՊԿ վարչության նոր կազմում ընդգրկվեցին Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, Գարիկ Սարգսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, Սուրեն Պապիկյանը, Լենա Նազարյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը, Վահագն Հովակիմյանը, Արայիկ Հարությունյանը, Տիգրան Ավինյանը, Զարուհի Բաթոյանը և Հովիկ Աղազարյանը: Նրանք բոլորը ներկայումս բարձրաստիճան պաշտոնյաներ են:

2019թ. հունիսի 16-ին կայացած ՔՊԿ վարչության նոր ընտրությունների արդյունքներով` վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը, ԿԳՄՍ գործող նախարար Արայիկ Հարությունյանը ևս վարչության անդամ է, իսկ Սասուն Միքայելյանը շատերի համար անակնկալ կերպով չընդգրկվեց 21 ընտրյալների կազմում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմը ներկայումս հետևյալ տեսքն ունի` Նիկոլ Փաշինյան, Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Արարատ Միրզոյան, Հակոբ Արշակյան, Վիլեն Գաբրիելյան, Ռոմանոս Պետրոսյան, Հակոբ Սիմիդյան, Տիգրան Ավինյան, Ռուբեն Ռուբինյան, Արսեն Թորոսյան, Սիփան Փաշինյան, Նարեկ Բաբայան, Լիլիթ Մակունց, Արման Բոշյան, Մխիթար Հայրապետյան,Վահագն Հովակիմյան, Ալեն Սիմոնյան, Արմեն Փամբուխչյան, Արփինե Դավոյան, Էդուարդ Աղաջանյան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ